Հայաստանի էլեկտրական Ցանցեր ընկերության Գեղամա մասնաճյուղի աշխատակիցները Հրազդանում գործադուլ են արել՝ իրենց դժգոհությունը հայտնելով աշխատավարձերի, հավելավճարների, պարգեւավճարների կրճատումից, ինչպես նաեւ տնօրինության վատ վերաբերմունքից:

NEWS.am-ի հետ զրույցում ՀԷՑ-ի աշխատակիցները նշեցին, որ մասնաճյուղի ղեկավարության կողմից խախտվում են իրենց գրեթե բոլոր իրավունքները, ղեկավարությունը հաշվի չի նստում շարքային աշխատակիցների խնդիրների ու շահերի հետ. «Ամեն ինչ նորմալ էր մեր հիմնարկում, աշխատում եւ վարձատրվում էինք նորմալ, բայց հետո մեր աշխատավարձերը բարձրանալու փոխարեն կտրուկ նվազեցին, պրեմիաներն էլ հետը: Մեր աշխատանքն այնպիսին է, որ գիշեր-ցերեկ, շաբաթ-կիրակի, միշտ աշխատում ենք, մի տեղ մի վթար, պիտի գնանք, լուծենք ու չէ որ դրա դիմաց նաեւ պիտի վարձատրվենք արտաժամ, բայց ոչ մի բան: Աշխատավարձերն էլ են նվազել: Ես առաջ ստանում էի 180 000 դրամ, հիմա 130 000 է դարձել: Դեռ ես ինժեներ եմ, մի քիչ բարձր է, շոֆերներինը սկի 100 000 էլ չի: Դե ասեք, դրանով ո՞նց տուն պահենք: Մեզ ոչ ոք չի ուզում լսել, մեր խնդիրների հետ ոչ ոք չի  ուզում հաշվի նստել: Մենք էլ որոշել ենք այս անգամ էլ այսպես բարձրաձայնենք»,-նշեցին աշխատակիցները:

Նրանց հավաստմամբ, իրենց խնդիրների մասին մեկ անգամ չէ, որ փորձել են խոսել տնօրենի հետ, բայց ապարդյուն. «Բազմիցս փորձել ենք մտնել մոտը, խոսել, հարցրել ենք, թե ինչու են կրճատվել մեր աշխատավարձերը, պատասխանել է. «Աշխատավարձի հարցով ինձ չդիմենք: Կամ թող տնօրենը լուծի այս խնդիրը եւ մեր հարցերին լուծում տա, կամ թող դուրս գա, ուրիշը գա: Նա շատ կոպիտ մարդ է, որեւէ հարցով չենք կարող հետը խոսել: Լիքը գրանցված աշխատողներ կան, փող են ստանում, բայց չեն գալիս, դրա համար էլ մեր հավելավճարները նվազել են, ոչ արտաժամն են հաշվում, ոչ շաբաթ-կիրակին»,-պնդել են աշխատակիցները:

Գործադուլի դուրս եկած աշխատակիցներին նախ մոտեցավ մասնաճյուղի տնօրեն Կարմեն Մնացականյանը, ով հորդորեց անցնել աշխատանքի՝ խոստանալով նրանց խնդիրները քննարկել եւ ներկայացնել գլխամաս, սակայն աշխատակիցներից ոչ ոք տեղից չշարժվեց: Որոշ ժամանակ անց ցուցարարների հետ հանդիպեց ընկերության տնօրեն Կարեն Հարությունյանը եւ լսեց վերջիններիս բազմաթիվ ու բազմաբովանդակ դժգոհությունները. «Դուք այնքան բաների մասին բարձրաձայնեցիք, որ էսպես կանգնած ես չեմ կարող  հստակ պատասխան տալ: Մենք հիմա աշխատանքային խումբ կկազմենք, հանձնարարել եմ արդեն: Պետք է ուսումնասիրություններ արվի մասնաճյուղում, որպեսզի հասկականք, թե ինչ է տեղի ունենում, որից հետո միայն կարող ենք խոսել»,-նշեց Կարեն Հարությունյանը:

Ընկերության տնօրենի հեռանալուց հետո աշխատակիցները նշեցին, որ երկու օր կսպասեն, բայց եթե իրենց խնդիրներին լուծում չտրվի, կրկին գործադուլ կանեն, այս անգամ ավելի մեծ մաշտաբներով:

Նշենք, որ ՀԷՑ-ի Գեղամա մասնաճյուղը սպասարկում է Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերը: