Չիլիի բոլոր 34 եպիսկոպոսները, որոնք մայիսի 15-17-ը Վատիկանում Հռոմի Պապի հետ չորս հանդիպումներին էին մասնակցում, հրաժարականի դիմում են ներկայացրել՝ երկրում մանկապղծության մեջ մեղադրվող հոգեւորականների նկատմամբ սկանդալների կապակցությամբ:
Այս մասին հաղորդել է Չիլիի եպիսկոպոսական համաժողովի գլխավոր քարտուղար Ֆերնանդո Ռամոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ուզում ենք տեղեկացնել, որ բոլորս՝ Հռոմում ներկա եպիսկոպոսներս, գրավոր կերպով մեր իրավասությունները փոխանցել ենք Սուրբ Հորը, որպեսզի նա ազատորեն յուրաքանչյուրիս վերաբերյալ որոշում կայացնի ...Նրա հետ միասին մենք ուզում ենք վերականգնել արդարությունը եւ օգնել հասցված վնասը վերացնել, որպեսզի նոր լիցք հաղորդենք Չիլիի եկեղեցու մարգարեական առաքելությանը, որի կենտրոնը միշտ պետք է Քրիստոսը լիներ», - ասել է Ռամոսը:
Չիլիի եպիսկոպոսների այս աննախադեպ որոշումը չի նշանակում, որ նրանք բոլորը կազատվեն: Սակայն այժմ այլեւս կասկած չկա, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը որոշակի կադրային որոշումներ կընդունի, որի անհրաժեշտության մասին վերջին տարիներին շատ են խոսել Վատիկանի բրոնզե դարպասների ետեւում:





























