ՀՀ ՔԿ ԵՔՎՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երեւանում տեղի ունեցած 60-ամյա Գ.Մաթոսյանի սպանությունը: Կասկածյալը ձերբակալվել է։
Տղամարդու դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 14-ին՝ Երեւան քաղաքի Այգեստանի տներից մեկի հարակից տարածքում՝ նեխային փոփոխությունների ենթարկված եւ դեմքային գանգի ոսկորների բազմաբեկոր կոտրվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով 1-ին մասով, մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Նախնական քննության տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել դիակը հայտնաբերվելուց ավելի քան մեկ ամիս առաջ՝ 2018թ. ապրիլի 10-ին՝ տուժողի ծանոթի փաստացի կնոջ որդու կողմից։
Մասնավորապես՝ պարզվել է, որ տուժողի տանն են բնակվելիս եղել նաեւ նրա ընկերը՝ փաստացի կնոջ, մեկ տարեկան երեխայի եւ կնոջ որդու հետ միասին։ Ըստ ցուցմունքների՝ ընտանիքում պարբերաբար եղել են վիճաբանություններ կենցաղային հարցերի շուրջ, որոնց ժամանակ նաեւ բռնություն է գործադրվել կնոջ նկատմամբ։ Որդին, ով 2017 թվականի հունվարից գտնվել է զինծառայության մեջ, տեղեկանալով կատարվածի մասին, ցանկացել է վրեժխնդիր լինել։ 2018 թվականի ապրիլին՝ կարճաժամկետ արձակուրդի շրջանակներում, երիտասարդը վերադարձել է տուն եւ մոր ամուսնուց վրեժխնդիր լինելու նպատակով նախ անասնագոմում կացնով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել տանտիրոջը, ապա տանը նռնակը նետել մոր ամուսնու ոտքերի տակ, այնուհետեւ կացնով հարվածել նրա գլխին: Վերջինիս առողջությանը պատճառվել էր թեթեւ վնաս։ Կասկածյալը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու եւ համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:




























