Հայաստանի Կենսաթոշակային ֆոնդի թոշակների վճարման ծառայության 300 ազատված աշխատակիցների ճակատագիրը մնում է անորոշ։

Հիշեցնենք, որ 2010 թ. Վերջին, կառավարությունը որոշեց կենսաթոշակների վճարումն իրականացնել «Հայփոստի» բաժանմունքների միջոցով՝ այդ պատճառաբանությամբ աշխատանքից ազատելով 300 մարդու։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 30-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ազատված աշխատակիցները կարող են աշխատանքի անցնել «Հայփոստում»։ Սակայն մինչ այսօր այդ խոստումը ի կատար չի ածվել։
Աշխատանքից ազատվածների մի մասն այսօր բողոքի ակցիա իրականացրեց կառավարության շենքի առջեւ։ Նրանց խոսքով՝ «Հայփոստը» սկզբից խոստացավ աշխատանքի ընդունել 70 հոգու, հետո այդ թիվը կրճատեց մինչեւ 30-ի, սակայն մինչ այսօր որեւէ մեկին չի ընդունել։

Սակայն դրանով այդ մարդկանց դժբախտությունները չեն վերջացել։ Պարզվում է՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մինչ օրս աշխատանքից ազատվածներին վերջնահաշվարկ չի տրամադրել։ Աշխատանքային գրքույկներում աշխատանքից ազատումը հիմնավորվել է պայմանագրի լուծարմամբ, այնինչ ակցիայի մասնակիցները պնդում էին, որ որպես ազատման հիմք պետք է նշվեր ծառայության լուծարման հանգամանքը։  «Ես 12 տարի է՝ այդ հիմնարկում եմ աշխատում, ինչ պայմանագրի ժամկետի մասին կարող է խոսք գնալ։ Այդպես են գրել, որ պարզապես լուծարման նպաստը չտան»,- NEWS.am-ին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հավաքվածները նաեւ կարճատեւ հանդիպում ունեցան կառավարության նիստին շտապող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի հետ։ Վերջինս խոստացավ ուսումնասիրել հարցը, եւ 2 ներկայացուցիչների հրավիրեց նախարարություն։