Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում հարսանիքից ընդամենը երկու օր անց փեսացուն ու նրա ծնողները թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Թունավորման մեջ կասկածվում են հարսն ու նրա ընկերուհին։ Այս մասին, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնում է «The Times of India»-ն։
Իրավապահների փոխանցմամբ՝ Ջալգաոնի ոստիկանությունն արդեն ձերբակալել է երկու կանանց, որոնք մեղադրվում են կեղծ ամուսնություն կազմակերպելու, տանտերերին թունավորելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ։
Ըստ քննության տվյալների՝ 32-ամյա Վալմիկ Պատիլի և Սուման Սահանիի հարսանիքը կայացել էր հոկտեմբերի 7-ին։ Ընդամենը երկու օր անց նորահարսն ու նրա հանցակիցը, ըստ ամենայնի, թույն են լցրել ընտանեկան ընթրիքի մեջ։ Արդյունքում փեսացուն, նրա հայրն ու մայրը ծանր վիճակում հայտնվել են հիվանդանոցում։ Տան մյուս անդամները՝ ավագ եղբոր կինն ու երեխաները, փրկվել են միայն այն պատճառով, որ չեն կերել այդ ճաշից։
Թունավորումից անմիջապես հետո կանայք մեքենայով փախել են գյուղից, սակայն կարճ ժամանակ անց նրանց հայտնաբերել ու ձերբակալել են հարևան շրջանում։ Ոստիկանությունն այժմ պարզում է նաև այն միջնորդի դերը, ով 250 հազար ռուփիի դիմաց կազմակերպել էր այս «պսակադրությունը», ինչպես նաև ստուգում է կանանց հնարավոր առնչությունը կեղծ հարսանիքներով զբաղվող հանցավոր ցանցին։





























