Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրում արհեստական բանականության առաջին ռազմական բազայի բացման մասին, հավելելով, որ դրա օգնությամբ նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ ֆիզիկական ԱԲ, ներդնել պաշտպանական ոլորտում:
«Պաշտպանական գերատեսչությունը՝ նախարար Կան Սին Չհոլի գլխավորությամբ, հոկտեմբերի 12-ին Փանգյո քաղաքի «Techno Valley» արդյունաբերական համալիրում անցկացրել է «AX» բազայի բացման արարողությունը։ Փանգյոյի «AX» ռազմական բազան մասնագիտանալու է ֆիզիկական ԱԲ տեխնոլոգիաների ուղղությամբ», — ասված է երկուշաբթի օրը գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում:
Հարավկորեական ՊՆ-ի տեղեկատվության համաձայն՝ բազայում հավաքվելու և պահպանվելու են ֆիզիկական ԱԲ-ի համար նախատեսված տվյալներ, որոնք հետագայում օգտագործվելու են մարդանման և բազմաոտանի ռոբոտների ուսուցման ու վարժեցման համար: Ինչպես նշվում է, այդ ռոբոտներին նախատեսվում է ներգրավել վտանգավոր գոտիներում բեռների փոխադրման, պայթուցիկ սարքերի վնասազերծման և ականազերծման աշխատանքներում:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ այսպիսով, ըստ ակնկալիքների, կհաջողվի բարձրացնել օպերատիվ արդյունավետությունը և նվազեցնել վտանգավոր գործողություններում զինվորականների ներգրավվածությունը:
Պաշտպանության նախարարության ծրագրերի համաձայն՝ ապագայում չորս ԱԲ կենտրոններ կբացվեն ռազմական կարիքների համար:




























