Բաքվում 37 մարդ է ձերբակալվել հասարակական կարգի կոպիտ խախտման մեղադրանքով՝ դպրոցական համազգեստի միասնական պահանջների ներդրման ֆոնին։
Ինչպես տեղական ԶԼՄ-ներին հայտնել են Ադրբեջանի ՆԳՆ պաշտոնական աղբյուրները, «մի խումբ անձինք, հագուստի սահմանված կանոնների կիրառման պատճառով, վեճեր են հրահրել դպրոցի աշխատակիցների հետ, վնաս հասցրել պետական ուսումնական հաստատություններին, ինչպես նաև դիմել գործողությունների, որոնք ուղղված են եղել հասարակական կարգի կոպիտ խախտմանը, տրանսպորտի շարժի և ուսումնական հաստատությունների բնականոն աշխատանքի խաթարմանը»։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունների կազմակերպում կամ դրանց ակտիվ մասնակցություն» հոդվածով։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Ղարադաղի շրջանում հրդեհել են դպրոցի տնօրեններից մեկի ավտոմեքենան, իսկ Յասամալի շրջանում փորձել են հրդեհ բռնկել դպրոցներից մեկում, սակայն կրակը հաջողվել է կանխել։





























