2025 թվականին Ադրբեջանում ձերբակալված և առայժմ հանրապետությունում պահվող 11 ռուսաստանցիների թեման ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը չի քննարկել։ Ընդսմին, Մոսկվան և Բաքուն այդ խնդրի շուրջ կապ են պահպանում, և ՌԴ-ն անկեղծորեն հույս է հայտնում դրա շուտափույթ լուծման համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։
«Այս թեման բարձր մակարդակով չի քննարկվել։ Սակայն մենք կապի մեջ ենք մեր ադրբեջանցի բարեկամների հետ, այդ թվում նաև այս հարցի շուրջ։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս խնդիրը ևս շուտով կլուծվի»,- հավելել է Պեսկովը։
2025 թվականի ամռանը ձերբակալված ռուսաստանցիների ազատ արձակման հարցը Ռուսաստանի ԱԳՆ-ի օրակարգում է՝ ադրբեջանցի գործընկերների հետ նրա շփումներում։
Ադրբեջանի իրավապահ մարմինները ռուսաստանցիներին ձերբակալել են 2025 թվականի հունիսի վերջին։ Հուլիսի 1-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորս ամիս ժամկետով կալանքը։ Հոկտեմբերի 28-ին Խաթայի շրջանային դատարանի որոշմամբ կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով։ ՌԴ քաղաքացիները մեղադրվում են թմրամիջոցների շրջանառության և կիբերխարդախության մեջ։





























