Արմենը շատ լավ ընտանիքի շատ լավ զավակ էր, խելացի, կազմակերպված, շատ հասուն մտածելակերպով տղա էր։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նշեց Ռանչպարի գյուղապետ Վահան Վարդանյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10–ին մարտական դիրքում մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին։

«Անձամբ առնչվել եմ, շփվել եմ, գյուղում կազմակերպվող ցանկացած միջոցառման պատրաստակամ է եղել օգտակար լինել։ Երբեք չեմ տեսել, որ կոնֆլիկտների մեջ լինի իր տարեկիցների կամ ընդհանրապես գյուղացիների հետ։ Ափսոսանք ու մեծ ցավ ենք ապրում։

Հայրը շինարար է, մայրը արվեստի մեջ է, շատ կիրթ ծնողներ են։ Ոչ մի բացասական կարծիք ոչ ոք չի կարող ասել իրենց մասին։ Քույրն էլ ուսանող է։

Մի քանի օր առաջ արձակուրդում է եղել, դեպքից 2-3 օր առաջ գյուղում է եղել, շատ նորմալ հարազատների, ընկերների, գյուղացիների հետ շփվել է, չի ունեցել ոչ մի հարց որևէ մեկի հետ։ Բոլորս զարմացած ենք այս դեպքից, հատկապես, որ ընդամենը երեք ամիս էր մնացել զորացրվելուն»,–ասաց գյուղապետը։

Նա հավելեց, որ իրենց տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի իրենց զորամասի մարտական դիրքում. «Ինքը դիրքի ավագն է, և բացառում ենք որևէ զինվորի հետ կոնֆլիկտը։ Չեմ կարծում՝ կոնֆլիկտը էնքան լարվեր, որ ինքը նման քայլի գնար։ Դիրքի ավագ նշանակում են կազմակերպված ու ուժեղ տղայի։ Եթե ինքը դիրքի ավագ է, պետք է կոնֆլիկտ լուծող լիներ, ոչ թե առաջացնող»,– ընդգծեց գյուղապետը։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։