Կուբայում վթարի ենթարկված Boeing-737 ինքնաթիռի երեք ուղեւորները կարողացել են փրկվել: Twitter-ում այս մասին գրել է Granma հրատարակությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրանք հիվանդանոցում են եւ գտնվում են ծայրահեղ վիճակում: Պորտալի համաձայն՝ ինքնաթիռում եղել է 104 ուղեւոր: Կուբայի բժշկական հաստատությունները, մասնավորապես, Calixto García հոսպիտալը, անհրաժեշտության դեպքում պատրաստվում են նոր տուժողների ընդունել:

Cubadebate պորտալի տվյալներով՝ Boeing 737-200-ը  Cubana de Aviación ընկերությունը վարձակալել էր Մեքսիկայի Damojh ավիաընկերությունից: Ինքնաթիռը կատարում էր DMJ 0972 Հավանա-Օլգին չվերթը (կղզու արեւելք):

Թռիչքից հետո օդանավն ընկել է Խոսե Մարտի օդանավակայանի եւ Հավանայի մոտակա Սանտյագո դե լաս Վեգասի միջեւ գտնվող գյուղատնտեսական դաշտերում՝ օդանավակայանի առաջին տերմինալի մոտ:  

Դեպքի վայր են ժամանել երկրի Պետական խորհրդի եւ Նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս-Կանելը եւ այլ ղեկավարներ: