Դամասկոսը հույս ունի վերականգնել հարաբերություններն Անկարայի հետ, սակայն դրա համար թուրքական իշխանությունները պետք է դադարեն սատարել «Սիրիական ազատ բանակի» ահաբեկիչներին եւ դուրս բերեն իրենց զորքերը երկրից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միքդադը:
Դիվանագետի խոսքով՝ թուրք-սիրիական հարաբերությունները փլուզվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից՝ վերջինիս «քաղաքական հավակնությունների... եւ կայսրության մասին երազանքի պատճառով»: «Նա չի մտածում Սիրիայում զինված խմբերին աջակցություն ցուցաբերելու հետեւանքների մասին: Նա ոչնչացրել է հարեւան պետությունը, եւ սիրիական Աֆրինի շրջափակումը դրա վառ օրինակն է»,- հայտարարել է Միքդադը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր սիրիական Աֆրինում քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի մեկնարկի մասին: Թուրքիայի հետ միաժամանակ գործում են նաեւ «Սիրիական ազատ բանակի» զինյալները: Մարտի 18-ին Էրդողանը հայտարարել էր Աֆրին քաղաքի՝ թուրքական բանակի եւ ՍԱԲ-ի վերահսկողության տակ անցնելու մասին: Դամասկոսը խստորեն դատապարտել էր Թուրքիայի գործողություններն Աֆրինում՝ նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է: Մոսկվան Աֆրինում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Մոսկվան բոլոր կողմերին զսպվածության եւ Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի կոչ էր արել:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի թուրք ժողովուրդն աջակցի վերականգնման (հարաբերությունների) գործընթացին, իսկ նրա կառավարությունը դադարեցնի սատարել ՍԱԲ-ի ահաբեկիչներին եւ դուրս բերի իր ուժերը, որոնք զավթել են Սիրիայի տարածքի մի մասը: Հարաբերությունների վերականգնումը բխում է երկու ժողովուրդների շահերից»,- ասել է Միքդադը` պատասխանելով Թուրքիայում նախագահական ընտրություններից հետո Դամասկոսի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների հնարավոր փոփոխությունների մասին հարցին:
Նշենք, որ երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 2012 թվականին:





























