Հանրապետությունում նվազել է դոլարիզացիայի մակարդակը: Այս մասին նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի այսօր՝ հունվարի 21-ին հրապարակած վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունում։ Դեկտեմբերի վերջին նախորդ ամսվա նկատմամբ, նվազումը կազմել է 0.6 տոկոս` պայմանավորված դրամային ավանդների 5 տոկոս եւ արտարժութային ավանդների 4 տոկոս աճերով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ դրամային ավանդներն ավելացել են 23.7 տոկոսով, արտարժութային ավանդները` 2.7 տոկոսով, ինչի արդյունքում դոլարայնացման մակարդակը նվազել է 4.6 տոկոսով:

Չնայած դոլարիզացիայի տեմպերի շարունակական նվազմանը, դեկտեմբերին տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալում շարունակել են գերակշռել արտարժույթով վարկերը` առեւտրային բանկերի կողմից արտերկրից ներգրավված միջոցների, ինչպես նաեւ ԿԲ-ում արտարժութային թղթակցային հաշվի ավելցուկային միջոցների հաշվին: Դեկտեմբերի վերջի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ վարկավորումն ավելացել է շուրջ 24 տոկոսով, ընդ որում, դրամով տրամադրված վարկերի աճը կազմել է շուրջ 10 տոկոս, իսկ արտարժույթով տրամադրված վարկերինը` 37.2 տոկոս: