Եթե առաջիկա կիրակի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, Ազգային ժողով կանցնեն երեք ուժեր՝ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրեսը։ Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Սակայն քանի որ ընտրությունները տեղի են ունենալու 1,5 տարի հետո, ապա այդ ընթացքում որոշակի գործընթացներ անպայմանորեն կազդեն իրադարձությունների վրա։ Օրինակ, արտագաղթի արդյունքում տեսականորեն հնարավոր է, որ Հայաստանից դուրս գա ՀԱԿ-ի ընտրազանգվածը։ Ճիշտ նույն կերպ կարող է արտագաղթել, ասենք, ԲՀԿ-ի ընտրազանգվածը։ Մեծ նշանակություն կունենան նաեւ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունները. Որոշիչ կլինի, թե կցանկանա՞ Հանրապետականը որպես իրեն այլընտրանքային մրցակից դուրս մղել ԲՀԿ-ին, թե՝ ոչ։ Եթե դա նրան հաջողվի, ԲՀԿ-ն, իհարկե, խորհրդարան չի մտնի»,- կանխատեսեց քաղաքական տեխնոլոգը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայաստանում կա նաեւ տատանվող եւ չկողմնորոշված մի ընտրազանգված։

«Ի դեպ, այդ մարդիկ լավ ինդիկատոր են՝ ընտրազանգվածը չափելու համար։ Կհաջողվի՞, ասենք, Կարապետիչին կամ մեկ ուրիշին ակումուլացնել այդ զանգվածը, հայտնի չէ, սակայն գրագետ աշխատանքի դեպքում կարող է ստեղծվել քաղաքական մի նոր ուժ։ Դրա հողն արդեն իսկ կա»,- նկատեց Բադալյանը։

Ասուլիսի ներկա մյուս բանախոս, փորձագետ Կարեն Քոչարյանն իր հերթին ավելացրեց, որ վերոնշյալ երեք քաղաքական ուժերն իրականում պայքար չեն էլ սկսել։ «Իրենց մոտ ամեն ինչ հանգիստ է։ Առավել մեծ տեղ են գրավում ներքին վերադասավորումները։ Քաղաքական դաշտի «ռիսայքլ բինում» (համակարգչի աղբարկղը խմբ.) գտնվող ուժերն այսօր ասում են «Էստի համեցեք», այսինքն՝ փորձում են իրենց ցույց տալ, որպեսզի վագոնի կամ կուպեի տեսքով կպնեն այդ երեք ուժերին կամ քաղաքական նոր միավորներ ստեղծեն։ Ամեն դեպքում, նոր ուժերի մասով «կինդեր սյուրպրիզներ» այս անգամ չեն լինի»,- ամփոփեց նա։