Արդեն մի քանի օր է՝ Երեւանում թանկացել է ալյուրը։ Մեկ կգ բարձր կարգի ալյուրը վաճառվում է նվազագույնը 250 դրամով՝ 1 շաբաթ առաջվա 210 դրամի համեմատ։ 

Որոշ խանութներում սկսել է նաեւ մակարոնեղենի թանկացում, համենայնդեպս՝ վաճառողուհիներն ասում են, որ մակարոնեղենի նոր խմբաքանակները ստացվում են ավելի բարձր գներով։

«Մանանա գրեյն» ընկերությունը Հայաստան հացահատիկի խոշորագույն ներկրողներից է, շահագործում է ամենախոշոր ալրաղացներից մեկը։ Ընկերության նախագահ Գուրգեն Նիկողոսյանը NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ ալյուրը թանկացել է։ Ներկայում ալրաղացը բարձր կարգի ալյուր բաց է թողնում 1 կգ-ը 222,6 դրամով։

«Մանանա գրեյնի» ղեկավարը ալյուրի թանկացման մի քանի պատճառ թվարկեց։ Առաջին, դա կապված է փոխարժեքի հետ։ Դեկտեմբերին դոլարը գնվում էր 361-ով, իսկ վերջին տվյալներով փոխարժեքը 370-ի մոտակայքում է։ Քանի որ հացահատիկը ներկրվող ապրանք է, դրամի արժեզրկումը հանգեցնում է ցորենի ինքնարժեքի բարձրացման։

Երկրորդ՝ ցորենի գինը բարձրացրել են մատակարարները։ Ըստ Նիկողոսյանի՝ ներկայումս վրացական Փոթի նավահանգստից ցորեն կարելի է ձեռք բերել 1 տոննան 400 դոլարով, այնինչ նախորդ տարվա հունիսին այն արժեր մոտ 200 դոլար։ Կան պարենային այլ ապրանքներ, որ ավելի շատ են թանկացել։ Օրինակ, անասնակերը թանկացել է 300 տոկոսով։ «Միջազգային գները հունիսից սկսած կտրուկ աճել են, դրանք անկանխատեսելկի բարձր մակարդակի վրա են»,- ասաց Գ. Նիկողոսյանը։

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նոր թանկացում, Գ. Նիկողոսյանն ասաց, որ ալյուրի ներկայիս գները սահմանված են նախկինում ներկրված ցորենի գներին համապատասխան։ Սակայն հաշվի առնելով, որ հունվարին ցորեն ներկրվել է ավելի բարձր գներով, չի բացառվում, որ առաջիկայում ալյուրը նորից թանկանա։

Սամվել Ավագյան