«Ժառանգություն» կուսակցություն իրականում գոյություն չունի, երեւում է միայն կուսակցության  խմբակցությունը, որի չորս անդամները բավական լավ են աշխատում՝ թեկուզ առավել շատ՝ հասարակական, քան քաղաքական ոլորտում։ Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի ամենաանհաջող քաղաքական գործիչն է։ Նրա փոխարեն ցանկացած այլ քաղաքական գործիչ միշտ կձգտեր լինել մամուլի ուշադրության կենտրոնում։ 2007 թվականից հետո տեսե՞լ եք, որ Հովհաննիսյանը երեւա հեռուստաէկրաններին։ Նա չկա, պարզապես չկա։ Քանի Րաֆֆի Հովհանիսյանն այդ քաղաքական ուժի առաջնորդն է, «Ժառանգությունն»  ապագա չունի։ Նրան պետք է փոխել, տեղն ուրիշ մարդու դնել»,- ընդգծեց նա՝ շեշտելով, որ «Ժառանգությունն» իրականում հանդես չի գալիս իբրեւ կուսակցություն:

Անդրադառնալով «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանին՝ Արմեն Բադալյանը նկատեց, որ «Կարապետիչն ինդիկատոր է, որով կարելի է չափել տատանվող, չկողմնորոշված ընտրազանգվածի թիվը»։ «Նա ո՛չ իշխանության դեմ է, ո՛չ ընդդիմության։ Կարապետյանն  ուղղակի տատանվող ընտրազանգվածից ձայն է վերցնում, մարդ է ման գալիս։ Կհաջողվի՞ նրան  շարունակել այս գործելաոճը, կախված է ե՛ւ ՀԱԿ-ից, ե՛ւ «Ժառանգությունից», ե՛ւ «Բարգավաճ Հայաստանից»։ Ի դեպ, «Ժողովրդական կուսակցություն» եւս գոյություն չունի. Կա Տիգրան Կարապետյան, ով ներկայանում է իբրեւ այդ կուսակցության առաջնորդ եւ իրականացնում ամենացածր պոպուլիզմ, խոսում կարգախոսների լեզվով»,- ասաց Բադալյանը։