Եվրոպայի խորհրդում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հավանականություն կախված կլինի նրանից, թե ինչ տեսանկյունից է դիտարկվում երկիրը: Այսօր՝ հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւերի դրույթները չկատարելու հնարավոր հետեւանքների մասին:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դա իմ իրավասությունից դուրս է եւ ես իրավասու չեմ առաջարկել նման բան: Բայց կառավարությունների գործունեության մասին ընթացող քննարկումներին մասնակցելով տպավորություն եմ ստացել, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարց չի քննարվում: Խոսվել է ՀՀ պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին, սակայն դա չի եղել հետեւյալ հիմնավորմամբ՝ ինչու խորհրդարանական պատվիրակությանը զրկել մի բանի համար, որը կառավարության՝ գործադիրի թերացումն է եղել: Ի վերջո՝ գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը»,- ասաց նա, ընդգծելով, որ ինքը շարունակում է իր ուշադրությունը սեւեռել դեռ առկա խնդիրների վրա:
Համարբերգը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի հարցը թեեւ քնարկվում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում, սակայն դա չի բերի ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելուն: «Կա նաեւ նախարարների կոմիտե, որը նույնպես դժվար թե պատժամիջոցների կիրառման վրա սեւեռվի; Կա նաեւ մարդու իրավունքների հանձնակատարը, որը կհրապարակի զեկույց եւ ուշիուշով կհետեւեի դրանում արված առաջարկների կատարմանը»,- ասաց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:





























