Մարտի 1-ի սպանությունների չբացահայտման մեղավորը քննչական մարմիններն են, իսկ Նիկոյանի հանձնաժողովն եւ Փաստահավաք խումբը ընդամենը կարող էին աջակցել քննությանը: Այսօր՝ հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն ու հավելեց. «Սակայն նրանք ինքնուրույն չէին կարող քննություն իրականացնել, դա կլիներ անհեթեթություն: Խորհրդարանական հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր տեղի ունեցածի քաղաքական կողմը, ներկայացներ համապատասխան օրենսդրական փոփոխություներ եւ ոչ թե քննություն իրականացներ»:
Նրա խոսքով, «մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովի վստահության չափը պակասեց, քանի որ ընդդիմությունը չմասնակցեց դրա աշխատանքներին: «Դրա համար էլ ի հայտ եկավ Փաստահավաք խումբ ստեղծելու գաղափարը: Ես կապի մեջ էի Փաստահավաք խմբի ղեկավարի հետ, որը մաքառում էր մեկտեղել մնացած անդամների ջանքերը եւ տխրում եմ, որ այն մինչեւ վերջ չգործեց, չնայած օգնեց Նիկոյանի հանձնաժողովին»,- ասաց Համարբերգը, եւս մեկ անգամ ընդգծելով, որ «բուն քննության պատասխանատուն՝ թե քանի պարկուճ կրակվեց եւ այլն, պետք է լինեն ՀՔԾ-ն ու դատախազությունը»:
«Ես չեմ կարծում , թե իրավիճակն անելանելի է: Կարծում եմ, որ հնարավոր է պարզել կրակողներին, քանի որ դա տեղի է ունեցել բազմաթիվ մարդկանց աչքի առաջ»,- իր խոսքն ամփոփեց նա:





























