Այսօր՝ հունվարի 21-ին լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 90-ամյակը:
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում, 1921 թվականի հունվարի 21-ին:
Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի: Դրանից հետո, 1929-ին նա ընդունվել է Երեւանի Պետական Կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում: Այնուհետեւ, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:
1950-1956 թթ. դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում: 1956-ից հաստատվել է Մոսկվայում, ուր եւ վախճանվել է 1983-ի նոյեմբերի 11-ին:
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ:
Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձեւավորվել է Արամ Խաչատրյանի եւ Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսեւորվել է դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) եւ դաշնամուրային տրիոյում (1952): Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին:
Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացու հյուսիսից» եւ այլն: Նա գրել է տարբեր ստեղծագործություններ` «Էլեգիա», «Նոկտյուրն» եւ այլն:
Առնո Բաբաջանյանը թաղված է Երեւանում: 2003թ. Երեւանում տեղադրվել է նրա արձանը:





























