Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Պապիկյանն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում մենք ունենք մի իրականություն, երբ անհրաժեշտ է հին ու նոր իշխանությունների միջեւ կամուրջ ապահովելով` իրականացնել իշխանության անցնցում փոխանցում, եւ այստեղ հատկապես կարեւոր է համայնքային եւ մարզային իշխանությունների դերը։ Նախարարը վերահաստատել է իրական ժողովրդավարության հասնելու ճանապարհին ՏԻՄ-երի ժողովրդավար լինելու հրամայականը եւ նշել, որ այս գործընթացում առանցքային է, որպեսզի այսուհետ համայնքի ղեկավարն ու ավագանին գործեն բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների եւ իրավասությունների շրջանակներում։ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ երկրի համաչափ զարգացումը չպետք է այլեւս մնա միայն թղթի վրա, եւ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ մարզային եւ համայնքային իշխանություններն այսուհետ պետք է ներկայացնեն տարեկան օտարման ենթակա հողատարածքների եւ անշարժ գույքի պլան, որն առցանց պետք է հասանելի լինի բնակչությանը, միաժամանակ ընդգծելով, որ հարկերի հավաքագրումը եւ տվյալների բազան պետք է թափանցիկ եւ տեսանելի լինեն բոլորի համար։ Նախարարը անդրադարձել է նաեւ Արագածոտնի մարզի գյուղատնտեսության զարգացման հնարավորություններին, տնտեսական կարողությունների հզորացմանը, ինչպես նաեւ բարենպաստ ներդրումային դաշտ ձեւավորելու անհրաժեշտությանը։ Սուրեն Պապիկյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Աշոտ Սիմոնյանին պաշտոնում վերանշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք։
Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ հավաստիացրել, որ մարզի ղեկավարությունն ու աշխատակազմն ունակ են լուծել առաջադրված խնդիրները:




























