Գերմանիայի տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերը Daimler ավտոմոբիլային կոնցեռնին հսկայական տուգանքով է սպառնում:

Մայիսի 28-ին կոնցեռնի տնօրեն Դիթեր Ցետշեի հետ  հանդիպման ժամանակ նախարարը կասկած է հայտնել, որ 750 հազար Mercedes մեքենաներում կարող է արգելված ծրագիր տեղադրված լինել, որը կարող է անջատել արտանետվող գազերի մաքրման համակարգը, հայտնում է DW- ն՝ հղում անելով Der Spiegel-ին: Յուրաքանչյուր մեքենայի համար տուգանքը կարող է մինչեւ 5000 եվրո կազմել: Այսպիսով ընդհանուր գումարը կարող է 3.75 մլրդ եվրոյի հասնել:

Ավտոմոբիլային տրանսպորտի դաշնային գերատեսչությունը վերջերս նմանատիպ սարքեր է հայտնաբերել Vito ընտանիքի մոդելներից մեկում եւ հանձնարարել է հետ կանչել 4,900 նման մեքենաները, որոնցից 1370-ը Գերմանիայում:

Daimler-ի ղեկավարի հետ հանդիպումից հետո տրանսպորտի նախարարը պահանջել է ընկերությունից երկու շաբաթվա ընթացքում տեղեկություններ տրամադրել մոդելների մասին, որոնց վրա տեղադրված է արգելված սարքը: