Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը բանտից պատասխանել է հայկական «Ակոս»-ի հարցերին։

Սելահաթին Դեմիրթաշը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Կարո Փայլանի թեկնածությանը հենց Դիարբեքիրում՝ շեշտելով, որ հայերը Դիարբեքիրում ոչ թե հյուրեր են, այլ տեղացիներ։ «Քաղաքի կենտրոնն անցյալում բազմաշետ մշակույթ է ունեցել։ 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո այդ բազմաշերտությունը վերացավ։ Իսկ հայերն էլ չդիմանալով ճնշումներին, 1980-ականներին լքեցին Դիարբեքիրը։ Ես իմ մանկության տարիներին հիշում եմ, որ Սուրի շրջանում հայեր էին ապրում»,-նշել է Սելահաթին Դեմիրթաշը։

Ըստ Թուրքիայի նախագահի քուրդ թեկնածուի՝ Կարո Փայլանի առաջադրումը հենց Դիարբեքիրում այդ ցավալի պատմության իմաստալի պատասխանն է։ «Վստահ եմ, որ Դիարբեքիրի ժողովուրդը Կարո Փայլանին գրկաբաց է դիմավորելու։ Նա Դիարբեքիրում օտար չէ։ Ես նրան ընտրություններում հաջողություններ եմ մաղթում»,-ասել է Դեմիրթաշը։