Նախկին իշխանությունների պաշտոնյանները, եթե կատարել են ապօրինի գործողություններ, պետք է պատասխանատվություն կրեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը` անդրադառնալով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:
«Սա օրակարգային հարցն է, որը հիմա հանրությանը մտահոգում է, թե երբ է լինելու այդ արդարության վերականգնումը: Մասիսի քաղաքապետի խափանման միջոցը փոխելը մարդիկ համեմատության մեջ են գնահատում, եւ այս որոշումը համեմատում են Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի ակնհայտ ապօրինի եւ անօրինական որոշման հետ, եւ բնականաբար հանրությունը դիտարկում է ոչ թե իրավական նորմերի տեսանկյունից, այլ դիտարկում է մարդկանց նկատմամբ դատավորի ունեցած վերաբերմունքի տեսանկյունից: Սա վկայում է այն մասին, որ արդարադատության նկատմամբ կա խորը անվստահություն եւ դրա հետեւանքով է, որ իրավական նորմերի նկատմամբ նույնպես կա անվստահություն: Երբ որ 30 տարի արդարադատություն չի իրականացվում, իրավական նիհիլիզմ կա, եւ միակ չափանիշը մնում է անձերով գնահատելը»,- ասաց նա:
Արթուր Սաքունցի կարծիքով` կարեւոր է հասկանալ Տաթեւիկ Գրիգորյանի կայացրած որոշման հիմնավորումը եւ նոր գնահատականներ տալ. «Շատ կարեւոր է հասկանալ եւ բնականաբար դատարանը պետք է տա այդ հիմնավորումը, թե ինչի հիման վրա է գտել, որ Մասիսի քաղաքապետը եւ փոխքաղաքապետը, կամ մնացածները չեն ազդի նախաքննություն իրականացնող մարմնի վրա` լինելով պաշտոնյաներ: Բայց այս ֆոնի վրա, երբ Ժիրայր Սեֆիլյանին դատարան չեն բերում այն կանխավարկածով, որ դատարանը հերթական անգամ շրջափակվելու է, որն ըստ էության հետաձգվում է նիստը, այս դեպքում պարզ է դառնում որ խնդիրը իրավական մոտեցումների հիմնավորվածությունն է»:
Սաքունցը հավելեց, որ դատավորները հնարավորություն ունեն իրենց դեմքը փրկելու եւ պետք չէ արդարադատությունը օգտագործել որպես վրեժխնդրության գործիք, ինչն արել են նախկին քաղաքական իշխանությունները, այդ տրամաբանությունն այլեւս չպիտի շարունակվի:
Նշենք, որ հունիսի 2-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի եւ Նորք Մարաշի նստավայրում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Մասիսի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի խափանման միջոց որոշեց ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին, եւ նրանք դատարանի դահլիճից ազատ արձակվեցին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին, Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:
Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու եւ մասնակցելու համար: Մյուս 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։




























