Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ Ստեփանակերտում բողոքի ակցիաների կապակցությամբ։
«2018 թվականի հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի ճանապարհին իրականացվել է խաղաղ հավաք, որը վերսկսվել է հաջորդ օրը ժամը 11:00-ի սահմաններում եւ գիշերային դադարով շարունակվում է մինչ այժմ: Արցախի Հանրապետության ոստիկանությունը արձանագրում է, որ ի սկզբանե ապահովել է հավաքի մասնակիցների ԱՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված հիմնարար իրավունքի անխոչընդոտ իրականացումը՝ կարգավորելով հավաքի վայրի ճանապարհատրանսպորտային երթեւեկությունն այնպես, որ այն չխոչընդոտի հավաքի իրականացմանը: Բացի այդ որեւիցե իրավական կամ վարչական ներգործություն հավաքի մասնակիցների նկատմամբ չի իրականացվել: Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 2-ից ի վեր քաղաքացիներից ստացել ենք մի շարք բողոքներ եւ դժգոհություններ տեղաշարժման ազատության իրենց սահմանադրական իրավունքի սահմանափակման կապակցությամբ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքը անց է կացվում Ստեփանակերտի տրանսպորտային կարեւոր հանգույցի՝ ավտոկայանի մերձակա ճանապարհին:
Կարեւոր է ընդգծել, որ հավաքների ազատության սահմանադրական իրավունքն անհրաժեշտ է հավասարակշռել այլ սահմանադրական իրավունքներին, այդ թվում ազատ տեղաշարժվելու իրավունքին: Հավաքների ազատությունը չպետք է անհամաչափ սահմանափակի այլ քաղաքացիների տեղաշարժման ազատությունը, իսկ սահմանափակման համաչափությունը որոշելիս ի թիվս այլոց, հաշվի է առնվում հավաքի անցկացման վայրը եւ տեւողությունը:
Ելնելով վերոգրյալից հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին առաջարկում ենք հավաքը շարունակելու մտադրության դեպքում այն իրականացնել Արցախի պետական համալսարանի դիմացի «ՈՒսանողական» պուրակում:
Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ հավաքի կազմակերպիչների հետ հաղորդակցություն իրականացնելու համար լիազորվել է ԱՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Հարությունյանը»,- ասվում է հայտարարության մեջ:




























