Ստամբուլահայ լեզվաբան Սեւան Նիշանյանը իր միկրոբլուգում անդրադարձ է կատարել վերջին տարիներին Թուրքիայում տեղի ունեցած 3 կարեւոր իրադարձությանը եւ դրանցում դերակատարներին։

Սեւան Նիշանյանը իր հոդվածի սկզբում անդրադառնում է Էրդողանի սուլթանության ավարտի տարեթվին։ Ըստ Նիշանյանի հենց 2013 թվականի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողության սկսվելուց հետո ավարտվեց Էրդողանի սուլթանությունը։ «Երբ հայտնվեցին Էրդողանի հեռախոսազրույցները որդու հետ, որի ընթացքում նա հրահանգում էր արագ տնից տեղափոխել փողերը, ես մի բան զգացի՝ նա պարտվել էր ու մենակ էր մնացել։

Բայց նա չէր կարող զենք կիրառել, քանի որ «որոշ» ուժեր հասկացան, որ Էրդողանի տապալումն այդ պահին ողբերգական կլինի Թուրքիայի համար եւ Էրդողանին որպես գործիք օգտագործեցին իրենց նպատակների իրականացման համար։ Նրանք Էրդողանից պահանջեցին դադարեցնել քրդական հարցի կարգավորումը, բաց թողել բանտերում գտնվող էրգենեկոնականներին եւ բանակը մաքրել գյուլենականներից։

Էրդողանը հենց 2014-ից սկսեց տապալել քրդական հարցի կարգավորումը, իսկ 2016-ին բեմադրված ռազմական հեղաշրջման փորձից հետո սկսեց բանակը մաքրել գյուլենականներից ու բանտերից ազատ արձակեց էրգենեկոնականներին։ Գուցե մի օր Էրդողանը կասի, թե ում ձեռքում է եղել հեղաշրջման օրը։ Նա կատարեց իրեն տված առաջադրանքները հրաշալի ձեւով»,-գրել է Սեւան Նիշանյանը։