Եվրոպական միության երկիրը չի կարող մերժել ԵՄ-ի քաղաքացի չհանդիսացող այն անձի երկարատեւ բնակության իրավունքը, որը ամուսնացել է ԵՄ որեւէ երկրի քաղաքացու հետ։ Այսպիսի որոշում է կայացրել հունիսի 5-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության դատարանը, փոխանցում է DW-ն։

Ուշադրություն դարձնելով ԵՄ քաղաքացու եւ նրա ընտանիքի ազատ տեղաշարժման իրավունքին՝ «ամուսին» հասկացությունը պետք է գենդերային առումով չեզոք դիտարկվի, այդ պատճառով այն իր մեջ ներառում է նաեւ նույնասեռ ամուսիններին, նշված է դատարանի վճռում։

Այսպես, Ռումինիայի քաղաքացին 2010 թվականին Բելգիայում նույնասեռ ամուսնություն էր կնքել ԱՄՆ քաղաքացու հետ։ 2012 թվականին զույգը որոշել է բնակություն հաստատել Ռումինիայում, սակայն Ռումինիայի իշխանությունները հրաժարվել են բնակության իրավունք տալ ամերիկացուն՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ Ռումինիան չի ճանաչում նույնասեռ ամուսնությունները։ Զույգը դատարան է դիմել, արդյունքում Ռումինիայի սահմանադրական դատարանը հայցը ուղարկել է Լյուքսեմբուրգում Եվրամիության դատարանի քննման։

ԵՄ դատարանը որոշել է, որ ԵՄ երկրները պարտավոր են հետեւել ԵՄ հանձնարարականին ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժի եւ բնակության վայրի ազատ ընտրության մասին։