Նավթաքիմիական Koch Industries ընկերության համասեփականատեր Չարլզ Կոխը հայտնել է, որ իր եղբայր ու ընկերության համասեփականատեր Դեվիդ Կոխը թողնում է բիզնեսը եւ հեռանում «Ամերիկացիները հանուն բարգավաճման» հիմնադրամի տնօրենի պաշտոնից։ Նա պարզաբանել է, որ եղբոր առողջական վիճակը լրջորեն վատթարացել է, հայտնում է Washington Post-ը։

Չարլզ Կոխը չի հստակեցրել, թե ինչ է պատահել Դեվիդ Կոխի հետ։ Հայտնի է, որ նրա մոտ 1990-ական թվականներին քաղցկեղ էին հայտնաբերել, որը նա կարողացել էր հաղթահարել։

Դեվիդ Կոխը եղբոր հետ այս տարի զբաղեցրել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակի 8-րդ հորիզոնականը ըստ Forbes-ի։ Նրա ունեցվածքը գնահատվում է 60 մլրդ դոլար։ Կոխ եղբայրները համարվում են ԱՄն հանրապետական կուսակցության հիմնական հովանավորներից մեկը։

Koch Industries-ի քաղաքական նախագծերի ուղղությամբ աշխատող Մարկ Հոլդենը Washington Post-ին հայտնել է, որ ընկերությունը մտադիր է 2018 թվականի ընտրական քարոզարշավում մինչեւ 400 մլն դոլար ծախսել։

Կոխ եղբայրները վերջին տարիներին հաճախակի են ազդում ամերիկյան քաղաքականության վրա։ Այսպես, «Ամերիկացիները հանուն բարգավաճման» հիմնադրամը շուրջ 20 մլն դոլար է ծախսել հարկային օրենսդրության առաջմղման համար, որը շահավետ էր Koch Industries-ի համար։ Ընկերության նախկին աշխատակիցները հիմա աշխատում են նաեւ Դոնալդ Թրամփի վարչակազմում։ Այսպես, Կոնգրեսում Սպիտակ տան ներկայացուցիչ Մարկ Շորտը նախկինում աշխատել է Koch Industries-ում։

Չնայած Կոխ եղբայրները 2016 թվականի ընտրություններից առաջ հայտարարել էին, որ դժգոհ են Թրամփի թեկնածությունից, բայց ակտիվորեն սկսեցին նրա հետ աշխատել նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։ Եղբայրները խոստացել են նաեւ մեծ միջոցներ ներդնել սակագների քաղաքականության դեմ պայքարում, որի կողմ է հանդես գալիս Թրամփը։