Հայաստանի կառավարության ծրագիրը բաժակաճառերի ժողովածու է, բայց ՀՀԿ-ն չի խոչընդոտելու դրա ընդունմանը։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Մենք պետք է հնարավորություն տանք, որ ծրագիրն իրականացվի եւ անհրաժեշտ ձայներ կապահովենք: Արհեստական խոչընդոտներ չեն հարուցի ծրագրի ընդունման հարցում»,- ասել է Շարմազանովը:
Անդրադառնալով ծրագրի բովանդակությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ այն «բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, այլ ոչ թե արհեստավարժ կառավարության ծրագիր»: «Այս ծրագրում չկան ոչ միայն թվեր, այլ նույնիսկ այն, թե ինչպես պետք է իրականացվեն տարբեր ոլորտներում ծրագրերը»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Մենք այս կառավարությանը տվել ենք 7,5 տոկոսանոց տնտեսական աճով երկիր եւ կարծում եմ, որ այնուհանդերձ թվերը կարեւոր են, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ինչպիսի զարգացման տեմպեր պետք է ապահովվի, չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանը խոսում էր թռիչքային զարգացման մասին: Դա, իմ պատկերացմամբ, առնվազն երկնիշ տնտեսական աճի տեմպերի ապահովումն է: Ո՞ւր են թվերը՝ չկան»:
«Մեր հիմնական թիմը ծրագրին դեմ կքվեարկի, որովհետեւ այս կառավարության փաստաթղթում չենք տեսնում քաղաքական ծրագիր, իսկ սա ամենակարեւորագույն փաստաթուղթն է: Այնտեղ չկա ռազմավարություն»,- նշել է Շարմազանովը։




























