Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Եվրամիության եւ Ռուսաստանի աստիճանական մերձեցմանը կողմ է արտահայտվել, փոխանցում է DW-ն։
Ավստրիան սատարում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, բայց միեւնույն ժամանակ հույս ունի, որ «ինտենսիվ երկխոսությունը առաջընթաց կբերի երկկողմ հարաբերություններում»։ Այս մասին Կուրցը հայտարարել է Վիեննայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքների ամփոփման համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք հատկապես հույս ունենք, որ դրական փոփոխություններ կարձանագրվեն Ուկրաինայի արեւելքում, որի շնորհիվ Մինսկի համաձայնագրերին համապատասխան կարելի կլինի քայլ առ քայլ չեղարկել պատժամիջոցները»,-նշել է նա։ Պուտինն իր հերթին կոչ է արել չեղարկել միակողմանի եւ բոլորի համար վնասակար ԵՄ պատժամիջոցները։
Սեբաստիան Կուրցը նշել է, որ Ավստրիան, որը 2018 թվականի երկրորդ կեսին կստանձնի Եվրախորհրդի նախագահությունը, մտադիր է օգտագործել այդ ժամանակը ԵՄ-ՌԴ հարաբերությունների աստիճանական կարգավորման համար։





























