Ժամանակակից, ավելի անկանխատեսելի աշխարհում, մարտական պատրաստվածության բարձր մակարդակը ՆԱՏՕ-ի համար կարեւորագույն խնդիր է դառնում: Այս մասին հունիսի 6-ին Բրյուսելում մամուլի ասուլիսում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` մեկնաբանելով հունիսի 7-ին եւ 8-ին ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, հաղորդում է DW-ն:
Խոսելով մարտական պատրաստվածության բարձրացման մասին` Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ հանդիպման մասնակիցները կկարողանան համաձայնեցնել «Չորսը 30-ով» նոր հայեցակարգը: Այն նախատեսում է, որ մինչեւ 2020 թվականը 30 մեխանիզանացած գումարտակները, 30 օդային էսկադրիլները եւ ՆԱՏՕ-ի 30 մարտական նավերը ճգնաժամի դեպքում ամբողջական պատրաստվածության կբերվեն 30 օրվա ընթացքում կամ ավելի արագ: «Խոսքը ոչ թե նոր ուժերի ստեղծման կամ տեղակայման մասին է, այլ առկա ուժերի պատրաստվածության բարձրացման մասին», - ասել է Յենս Ստոլտենբերգը:
Դաշինքի ղեկավարի խոսքով, այդ գործում կարեւոր դեր կարող է խաղալ գերմանական Ուլմում գտնվող ՆԱՏՕ-ի լոգիստիկ հրամանատարության նոր կենտրոնը, որը նախատեսվում է 2019 թվականին շահագործման հանձնել: Դրա խնդիրն է ապահովել դաշինքի ուժերի տեղափոխումը մայրցամաքով ճգնաժամի կամ զորավարժությունների դեպքում:
Հունիսի 7-8-ի նիստում քննարկվելու է նաեւ պաշտպանության ծախսերի հատկացման հարցը: Ինչպես նշել է Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարել են կրճատել պաշտպանական բյուջեները եւ, ընդհակառակը, սկսել են ավելացնել դրանք: 2018 թվականի առաջին ցուցանիշները կներկայացվեն դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:





























