Իսպանիայի նոր կառավարությունում, որը ձեւավորվել է Սոցիալիստական Աշխատավորական կուսակցությամբ, նախարարական պաշտոնների մեծամասնությունը զբաղեցրել են կանայք: Նոր կառավարության կազմը մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սանչեսն իր կառավարության կազմի մասին հաղորդել է պետության ղեկավարին՝ թագավոր Ֆելիպե VI-ին: 17 նախարարներից 11-ը կանայք են: Այս փաստը, ըստ Սանչեսի, արտացոլում է, որ կառավարության գերակայությունը կլինի տղամարդկանց եւ կանանց հավասարությունը ապահովելը:
Փոխվարչապետ է դարձել Կարմեն Կալվոն, ով նաեւ կղեկավարի Հավասար իրավունքների նախարարությունը:
ԱԳՆ-ն ղեկավարելու է իսպանական եւ եվրոպական քաղաքականության վետերեն, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Ժոզեպ Բորելը: Սա նշանակում է, որ իսպանական արտաքին քաղաքակլանության մեջ եվրոպական ուղղությունը կուժեղանա:
Էկնոմիկայի նոր նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար Բրյուսելից Մադրիդ կտեղափոխվի Նադիա Կավինյոն:
Ֆինանսների նախարար է դարձել Մարիա Խեսուս Մոնտերոն, ով մինչ այդ Անդալուզիայի կառավարության ֆիանսների հարցերով խորհրդականն էր:
ՆԳՆ-ն կղեկավարի Ազգային դատարանի քրեական պալատի նախագահ Ֆերնանդո Գրանդե-Մառլասկան: Պաշտպանության նախարար է նշանակվել Մարգարիտա Ռոբլեսը, արդարադատության նախարար՝ Դոլորես Դեկգադոն: Նա մինչ այդ Ազգային դատարանում աշխատում էր որպես իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարի դատախազ:
Զարգացման նախարար է նշանակվել Խոսե Լուիս Աբալոսը՝ Սոցիալիստական Աշխատավորական կուսակցության քարտուղարը:
Պետական կառավարման նախարարությունը կվերահսկի կատալոնուհի Մերիչել Բատետը, իսկ Էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարարությունը՝ Տերեսա Ռիբերան:
Առողջապահության հարցերով կզբաղվի Կառմեն Մոնտոնը, ով դեմ է առողջապահության մասնավորեցմանը: Վալենսիայի ինքնավար համայնքում նա առողջապահության հարցերով խորհրդական է եղել:
Իսպանացի առաջին տիեզերագնաց Պեդրո Ֆրանսիսկո Դուկեն գիտության եւ նորարարությունների նախարար է նշանակվել:
Գյուղատնտեսության խնդիրները պետք է լուծի Անդալուզիայի կառավարության նախկին խորհրդական Լուիս Պլանասը:
Աշխատանքի նախարարությունը ղեկավարելու է Մագդալենա Վալերիոն, նրա հիմնական խնդիրը թոշակները բարձրացնելն է: Իսաբել Սելաան կգլխավորի կրթության նախարարությունը, արդյունաբերության նախարարությունը` Ռեյես Մարոտոն: Լրագրող եւ գրող Մաքսիմ Ուերտան կգլխավորի Մշակույթի նախարարությունը:
Հունիսի 1-ին Իսպանիայի խորհրդարանի պատգամավորների կոնգրեսն անվստահության քվե հայտնեց Մարիանո Ռախոյի կառավարությանը, նոր վարչապետ դարձավ սոցիալիստ Պեդրո Սանչեսը:





























