«Մեծ յոթնյակի» ղեկավարները մետաղների մաքսատուրքրեի վերաբերյալ գագաթաժողովում պետք է ճնշում գործադրեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա, սակայն նրանք պետք է փորձեն քաղաքակիրթ ձեւով համոզեն նրան փոխելու իր միտքը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ ասուլիսում:
Մակրոնը նշել է, որ G7-ի ղեկավարները չպետք է վախենան առանց Թրամփի մասնակցության համաձայնագրեր կնքել:
Մակրոնը եւ Թրյուդոն հստակ նշել են, որ Թրամփը չի կարողանա վախեցնել նրանց, չնայած Կանադայից, Եվրոպայից, Ճապոնիայից եւ Մեքսիկայից ներկրվող պողպատի եւ ալյումինի մասքատուրքերին:
««Մեծ յոթնյակը» հնարավորություն է միասին հավաքվելու եւ բաց քննարկումներ անցկացնելու այն երկրների միջեւ, որոնք վաղուց դաշնակիցներ ու բարեկամներ են դարձել», -լրագրողներին ասել է Մակրոնը: Նա խոստովանել է, որ կլինեն թեմաներ, որոնցում Թրամփի դիրքորոշումը տարբերվում է մյուսներից:
«Ծիծաղելի է ասել, որ Կանադան, Ֆրանսիան կարող են վտանգել Ամերիկայի ազգային անվտանգությունը, քանի որ մենք Միացյալ Նահանգների վաղեմի լավագույն դաշնակիցներն ենք», - ասել է Թրյուդոն` անդրադառնալով Թրամփի հիմնավորմանը, թե մետաղների մաքսատուրքերի սահմանումը ազգային անվտանգության խնդիր է:





























