Քիմիական նյութերի կիրառման մասին բեմադրված հոլովակը կդառնա Սիրիայի պետական օբյեկտների վրա ԱՄՆ կոալիցիայի հարվածների համար առիթ եւ գրոհայինների հարձակման արդարացում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արեւմտյան լրատվամիջոցներում տարածվելուց հետո բեմադրված տեսահոլովակը պետք է նոր առիթ ծառայի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիացիայի կողմից Սիրիայի օբյեկտներին հրթիռաավիացիոն հարված հասցնելու եւ Եփրատի արեւելյան ափին Սիրիայի կառավարական զորքերի դեմ գրոհայինների հարձակողական գործողությունների արդարացման համար»,- ասել է նա:
Ապրիլի 4-ին Դումա քաղաքում իբր քիմիական զենքի օգտագործման սադրանքից հետո ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ապրիլի 14-ի առավոտյան հրթիռային հարվածներ էին հասցրել Սիրիայի կառավարական օբյեկտներին, որոնք, նրանց կարծիքով, օգտագործվում են քիմիական զենք արտադրելու նպատակով: Մոսկվայի ժամանակով 3.42-ից մինչեւ 5.10 նրանք արձակել են ավելի քան 100 հրթիռ, որոնցից 71-ը Սիրիայի ՀՕՊ-ը խփել է: Ադյունքում հարվածների հետեւանքով ոչ ոք չի զոհվել, ավերածությունները եւս նվազագույն են եղել: Ռուսական ուժերը չեն գործարկվել, սակայն բոլոր արձակումներին հետեւել են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարվածները որակել էր ինքնիշխան պետության դեմ ագրեսիայի գործողություն, մինչդեռ ո՛չ ռուսաստանցի ռազմական փորձագետները, ո՛չ տեղացիները չեն հաստատել քիմիական հարձակման փաստը, որը դարձել էր հարվածների առիթը: Սիրիայի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ երբեք խաղաղ բնակիչների եւ ահաբեկիչների դեմ քիմիական զենք չեն կիրառել, իսկ ամբողջ քիմիական զինանոցը երկրից դուրս է բերվել Քիմիական զենքի արգելման կազմակերպության վերահսկողության ներքո:





























