Պաշտոնապես հայտարարում եմ, որ հանձնաժողովը որեւէ հեռուստաընկերության գործունեությանը չի միջամտել եւ չի ուղղորդել: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս նշեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը նշեց, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի պասիվ մասնակցությամբ է ժամանակին փակվել «Ա1+» հեռուստաընկերությունը, նաեւ հարցրեց, թե րայդոք կվերաբացվի՞ «Ա1+»-ը:

Ի պատասխան Գագիկ Բունիաթյանը նշեց. «Ես մի տեղ կարդացի, որ «Ա1+»-ի ղեկավարը ցանկություն չունի փոխի իր այսօրվա գործունեության կարգավիճակը»:

Արարատ Զուրաբյանն էլ արձագանքեց. «Բնական է, որ չի ցանկանա, որովհետեւ պետությունը հետեւողականորեն ոչնչացրել է «Ա1+» հեռուստաընկերությունը՝ հանձնաժողովի պասիվ մասնակցությամբ: Հայաստանի լավագույն հեռուստատեսություններից մեկը քաղաքական դրդապատճառներով արգելվել է: Պետությունը պետք է փոխհատուցում տա «Ա1+»-ին պատճառված վնասի համար»: