Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան հայտարարել է, որ ապագայում կարող է ստեղծվել ֆուտբոլի Հարավային Կովկասի երկրների առաջնություն:
«Ես ընկերություն եմ անում Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների հետ: Մեծ հարգանքով եմ վերաբերվում ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին եւ ԱՖՖ գլխավոր քարտուղար Էլխան Մամեդովին», - ասել է ՎՖՖ նախագահը, գրում է Sports.ru-ն:
Սիչինավայի խոսքով, ՈւԵՖԱ-ում հաճախ են առաջարկում ստեղծել Հարավային Կովկասի երկրների առաջնություն:
«Ես բազմիցս խոսել եմ այդ թեմայով Մինասյանի եւ Մամեդովի հետ: Երկուսն էլ կարծում են, որ դա հնարավոր չէ: Հուսով եմ` մի օր նրանք կաջակցեն այդ նախաձեռնությանը եւ մեր առաջնությունը` Հարավային Կովկասի գավաթը կլինի լավագույն մրցումը», - նշել է Սիչինավան:





























