Հայաստանից Եգիպտոս չարտերային չվերթների չվացուցակում ոչ մի փոփոխություն չի նախատեսվում, քանի որ այս պահին չկա ֆորսմաժորային իրավիճակ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են  «Տեզ տուր» տուրիստական գործակալությունում` նշելով, որ իրենք կշարունակեն չվերթներ իրականացնել Հայաստանից Եգիպտոս: «Իհարկե, մեր տուրիստներին հայտնի է այդ երկրում առկա իրավիճակի մասին, սակայն, քանի որ Հուրգադա եւ Շարմ Էլ Շեյխ հանգստավայրերը գտնվում են Կահիրեից հեռու, ապա դա նրանց վրա ոչ մի կերպ չի անդրադառնա»,- նշել են տուրիստական գործակալությունում:

«ՄԻԿԱ ԻՆՏՈՒՐ» տուրիստական գործակալությունում նախ զարմացել են մեր հարցին` նշելով, թե առաջին անգամ են լսում Եգիպտոսի լարված ներքաղաքական իրավիճակի մասին, այնուհետեւ հաղորդել են, որ վերջին չարտերային չվերթը կատարել են հունվարի 25-ին: Բացի այդ, հայ զբոսաշրջիկները գործակալության հետ չեն կապվել եւ Եգիպտոսի ներքաղաքական իրավիճակի հետ կապված դժգոհություն չեն հայտնել:

Հիեշեցնենք, որ հունվարի 25-ին եւ 26-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի են ունեցել բողոքի ցույցեր: Խաղաղ ցույցն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով: Մեկ ոստիկան զոհվել է, մոտ 200 ցուցարար ձերբակալվել է: