Հայկական բանակի օրը համազգային տոն է, քանի որ հանրապետության Զինված ուժերի կայացմանը մասնակցել է ողջ ժողովուրդը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցություն խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:
«Մեր ամենափայլուն հաղթանակներով մենք պարտական ենք բանակին եւ հայ զինվորին»,- նկատել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ չնայած դրան զինված ուժերը պարտավոր են օրեցօր ավելացնել իրենց հզորությունը եւ մարտունակությունը՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման մշտական վտանգը: Պատգամավորը նկատել է, որ հենց ռազմական հզորության շնորհիվ թշնամին չի համարձակվում իրացնել իր սպառնալիքները: «Այն, որ մեր բանակը հզոր եւ մարտունակ է, գիտակցում է նաեւ թշնամին, ուստի Բաքուն նավթադոլարներով փորձում է փոխհատուցել որակը քանակի հաշվին»,- նկատել է Կարապետյանը:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ԶՈՒ-ում կան նաեւ չլուծված հարցեր: Որպես խնդիրների լուծման կարեւոր քայլ նա նշել է Կարգապահական կանոնադրության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը, որը խորհրդարանին է ներկայացվելու արդեն գարնանը:




























