Փողոցային առեւտուրն արգելելու Երեւանի քաղաքապետի որոշումը բացարձակապես անօրինական է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Նա նշեց, որ ՀԱԿ-ն արդեն աշխատանքային խումբ է ստեղծել, որը զբաղվելու է առեւտրականների խնդիրներն ուսումնասիրելով ու դրանց լուծումներ առաջարկելով։ Ավելին, առաջիկա օրերին ՀԱԿ–ը նաեւ հայտարարություն կհրապարակի այդ առթիվ։
Ընդդիմադիր գործիչը կոչ արեց առեւտրականներին՝ չհետեւել ոստիկանների կոչերին եւ իրենց հուզող խնդիրները քաղաքականացնել։ «Մեր ցանկությունը եւ կոչն այն է, որ բոլորը պետք է հասկանան, որ խնդրի լուծման միակ ձեւը խնդրի քաղաքականացումն է, համախմբումն է, որովհետեւ օլիգարխիայի դեմ ուրիշ կերպ պայքարել հնարավոր չէ։ Նրանց բոլոր պահանջները պետք է ինտեգրվեն, սինթեզվեն, դառնան ժողովրդական շարժման պահանջ։ Բոլորը պետք է հասկանան, որ մենակ կամ առանձին խմբերով ոչնչի չեն հասնի, բայց եթե իսկապես հարցը հետեւողականորեն քաղաքականացնեն, հարցը կլուծվի, որովհետեւ խնդիրը լուծելու այլ տարբերակ որեւէ պետության մեջ գոյություն չունի»,– ընդգծեց Լեւոն Զուրաբյանը։
Նրա մոտ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ ինչո՞ւ է ոստիկանությունը մասնակցում բողոքավորների հետ բանակցություններին, այն դեպքում, երբ ոստիկանությունը նման գործառույթ չունի։ «Այսօր բազազները դարձել են քաղաքական գործիչներ եւ ավելի մեծ ազդեցություն ունեն քաղաքական դաշտում»,– ասաց հայտարարեց ՀԱԿ համակարգողը։




























