Վանաձորցի ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան գործով վկաներին բերման կենթարկեն դատարան:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 25-ին, պետք է շարունակվեր վկաների հարցաքննությունը: Սակայն, դատարանում պարզվեց, որ վկաների մի մասը ծանուցումները չէր ստացել, մյուս մասն էլ պարզապես չէին ներկայացել նիստին:

Դատարանը որոշեց բերման ենթարկել վկաներին, իսկ մյուսներին նորից ծանուցել: Դատական նիստին չէր ներկայացել նաև ամբաստանյալ Դավիթ Շահվերդյանի պաշտպանը: Շահվերդյանն էլ չցանկացավ առանց պաշտպանի շարունակել դատական նիստը: Վերը նշված հանգամանքերով պայմանավորված՝ դատարանը որոշեց հետաձգել նիստն ու նշանակել սեպտեմբերի 5-ին:

Հիշեցնենք՝ ծննդկանի մահվան մեջ մեղադրվում է Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ: