Բելառուսի կաթոլիկ եկեղեցիներից մեկում արհեստական բանականության օգնությամբ ստեղծված սրբապատկեր է օծվել, հայտնում է «katolik.life» պորտալը։

Օծման արարողությունը տեղի է ունեցել Նովոլուկոմլի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում։ Սրբապատկերում պատկերված է իտալացի դեռահաս Կառլո Ակուտիսը, ով հայտնի է նաև որպես «կիբեռ-առաքյալ»։

Նշվում է, որ Ակուտիսն ինքնուս ծրագրավորող էր և համացանցի միջոցով տարածում էր կաթոլիկ հավատքը։ Պատանին մահացել է լեյկեմիայից 2006 թվականին՝ 15 տարեկան հասակում, իսկ 2025 թվականի սեպտեմբերին Կաթոլիկ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքին։

Սուրբ Կառլո Ակուտիսի պատկերը տեղադրված է կողմնակի խորանում և ծառայելու է որպես եկեղեցու գլխավոր հովանավորի՝ Սուրբ Մարիամ Մագդաղենացու սրբապատկերի պաշտպան։

Այս իրադարձությունը սուր արձագանք է առաջացրել հավատացյալների շրջանում։ Նրանցից ոմանք քննադատել են Նովոլուկոմլի ծխական համայնքի գաղափարը՝ նշելով, որ արհեստական բանականության գեներացրած պատկերը չի կարելի անվանել սրբապատկեր և աղոթել դրա առջև։