ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ԼՂ–ից բռնի տեղահանվածների կողմից այս պահին ստացվել է 53 099 դիմում թե՛ չափահասների, թե՛ անչափահասների մասով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13–ին, ԱԺ–ում ՔՊ–ի նախաձեռնությամբ Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ նշեց ՆԳ նախարարի տեղակալը Արմեն Ղազարյանը։
«45 098 անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել, որից 38 695–ը չափահասներ, 14 344–ը անչափահասներ։ Այս տենդենցը ավելի մեծացել է բնակարանային պետական աջակցության ծրագրի ներդրման շրջանակում, երբ սահմանվեց ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պայմանը»,– ասաց փոխնախարարը։
«Վերածնվող Արցախ» ՀԿ–ի նախագահ Անաստաս Իսրայելյանը նշեց, որ վերջին թանկացումների արդյունքում արցախահայությունը կանգնել է ավելի բարդ խնդրի առաջ, քանի որ սերտիֆիկատներով հնարավոր չէ այսօր տուն ձեռք բերել։ Արցախցիներից մեծ մասին էլ հետաքրքրում է Արցախում թողած իր ունեցվածքի ճակատագիրը, և այստեղ շատ կարևոր է իրենց կարգավիճակի հարցը, որ կարողանան միջազգային ատյաններում այդ հարցը բարձրացնել»,–ասաց նա։
Արմեն Ղազարյանը հայտարարեց, որ կարգավիճակի հետ կապված հարցը լուծված և փակված է ՀՀ կառավարության 2023 թվականի որոշմամբ. «Ինչ վերաբերում է գույքային պահանջներին, ապա անհատական կարգով գույքային պահանջների հարցերը յուրաքանչյուր անձի որոշելիք խնդիրն է, մենք այդտեղ ընդհանրական որևէ դիտարկում չունենք»,– ասաց փոխնախարարը։




























