Սև ծովում՝ Բուլղարիայի ափամերձ գոտում, շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հարձակման են ենթարկվել առևտրային նավեր, որոնցից մեկը խորտակվել է։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է վարչապետ Ռումեն Ռադևը։ Նրա փոխանցմամբ՝ գիշերը 1:30-ի սահմաններում, բուլղարական ափից 33 կմ հեռավորության վրա՝ Բյալա քաղաքի մոտակայքում, հարվածի տակ է հայտնվել Մալթայի դրոշով նավարկող ուկրաինական «Chelsea 3» բեռնանավը։ Անձնակազմը հայտնել է երեք անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Նավաստիներին՝ յոթ ուկրաինացու և ութ ադրբեջանցու, հաջողվել է փրկել։ Ռադևը նշել է, որ անձնակազմի հինգ անդամի բժշկական օգնություն է ցուցաբերվել, սակայն լուրջ տուժածներ չկան։ Ըստ նախնական տվյալների՝ ևս մեկ նավ հարձակման է ենթարկվել ու խորտակվել Կրապեց գյուղից 32 կմ հեռավորության վրա։
Ռադևի խոսքով՝ խորտակված նավից հաջողվել է փրկել միայն մեկ նավաստու։ «Սա բոլորովին անընդունելի է․ հերթական հարձակումն է տեղի ունենում Բուլղարիայի տարածքային ջրերի անմիջական հարևանությամբ։ Պատրաստվում եմ զրուցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ»,— տեսաուղերձում հայտարարել է Ռադևը։ Բուլղարիայի վարչապետը նշել է, որ դեռևս հստակ փաստեր չկան, որոնք թույլ կտան հարձակման համար մեղադրել որևէ կոնկրետ երկրի, սակայն հավելել է, որ «ստացված արդյունքը ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը»։ Նա հայտնել է նաև, որ միջադեպի առնչությամբ Սոֆիայում Ռուսաստանի դեսպանը կհրավիրվի ԱԳՆ։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ անհայտ դրոնները Բուլղարիայի ափերի մոտ խորտակել էին մեկ այլ առևտրային նավ։
Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում իրականացված հարձակմանը մասնակցել են ծովային և օդային անօդաչու սարքեր, որոնք նախագահ Վլադիմիր Զելենսկին անվանել է ռուսական։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն այդ տարածքում որևէ գործողություն չեն իրականացրել։ Հարվածի տակ են հայտնվել Պալաուի դրոշով նավարկող «Able» բեռնանավը, որը, թեև հրդեհվել էր, սակայն մնացել է ջրի երեսին, և Տոգոյի դրոշով «Alfa Watan» նավը։ Խորտակված նավի անձնակազմը համարվում է անհետ կորած։





























