2018 տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գրանցվել է  տնտեսական ակտիվության 8.9 տոկոս աճ։ Այս մասին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ հանդիպմանը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալները, պաշտոնատար այլ անձինք։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ նախորդ շաբաթը հարուստ էր ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներով, ինչը շատ կարեւոր է  եւ վերստին հայտնել է գերատեսչության բոլոր օղակների ամբողջ թափով արդյունավետ աշխատանքին միտված պատրաստակամությունը։

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել տնտեսության ազդակներին, ներդրումային քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավման հարցերին։

Մասնավորապես, տնտեսական ցուցանիշներին անդրադառնալով, նախարարը նշել է, որ տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գրանցվել է  տնտեսական ակտիվության 8.9 տոկոս աճ, աճել են արտահանման եւ ներմուծման ծավալները, զարգացում կա գրեթե բոլոր ուղղություններով, ինչը փաստում է, որ տնտեսությունը դրական է արձագանքել իրականացվող հակակոռուպցիոն գործողություններին եւ կառավարության՝ մրցակցային միջավայր ձեւավորելու հանձնառությանը։ Ներկայում մեծ անհրաժեշտություն են ինստիտուցիոնալ համակարգերի ձեւավորումն ու օրենսդրական բարեփոխումները։ Այս համատեքստում նախարարը հատկանշել է պետություն-մասնավոր հատված  փոխգործակցությանը եւ օտարերկրյա ներդրումների պաշտպանությանը վերաբերող համապատասխան օրինագծերի ընդունման կարեւորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել կարողությունների հզորացման, արտահանման խրախուսման, մտավոր սեփականությանը վերաբերող եւ մի շարք այլ հարցերի։

Նախարար Մինասյանը հետագա աշխատանքում հաջողություններ է մաղթել  Հոա-Բին Աջեմյանին, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում։

Հանդիպման ավարտին կողմերը կրկին վերահաստատել են համագործակցության զարգացման իրենց պատրաստակամությունը։