Տնտեսությունը զարգացնելու եւ կոռուպցիայի դեմ պայքարելու ճիշտ մշակույթ ձեւավորել նշանակում է նաեւ հարաբերություններ զարգացնել ճիշտ գործընկերների հետ: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն երկօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի եւ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիեւի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ դժվարանում է Հայաստանի համար թերագնահատել համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ, քանի որ դա ոչ միայն հարաբերություններ է ֆինանսական ոլորտում, այլ նաեւ ճիշտ բիզնես մշակույթի ձեւավորման երաշխիք եւ մարդկային կապիտալի վրա բացարձակ դրական ազդեցություն ունեցող գործոն: Ըստ փոխվարչապետի՝ տնտեսությունը զարգացնելու եւ կոռուպցիայի դեմ պայքարելու ճիշտ մշակույթ ձեւավորել նշանակում է նաեւ հարաբերություններ զարգացնել ճիշտ գործընկերների հետ: Մհեր Գրիգորյանը վերահաստատել է ՎԶԵԲ-ի հետ համագործացկությունը խորացնելու եւ ընդլայնելու կառավարության պատրաստակամությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիեւը համակարծիք է եղել փոխվարչապետի հետ, որ ՎԶԵԲ-Հայաստան գործընկերությունն ունի մեծ կարեւորություն եւ հույս է հայտնել, որ այն շարունակական կլինի: ՎԶԵԲ ներկայացուցիչները վստահեցրել են, որ, օգտագործելով այլ երկրներում իրենց ունեցած փորձը, պատրաստ են աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ մասնավորապես ներդրումային միջավայրը բարելավելու տեսանկյունից: Նրանց համոզմամբ՝ ՎԶԵԲ-ը մեծ ուշադրություն է հատկացնում այն բարեփոխումներին, որոնք միտված են բարելավելու երկրի ընդհանուր տնտեսական համակարգը, այսինքն՝ ապահովելու թափանցիկությունն ու խթանելու բաց շուկայական հարաբերությունները:
ՎԶԵԲ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարին եւ այդ առումով տպավորիչ համարել նոր կառավարության ձեռնարկած գործողությունները:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունները, նոր կառավարության առաջնահերթություններն ու իրականացվելիք բարեփոխումները, անդրադարձել զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում Հայաստանի զարգացման ներուժին:





























