Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 27-ին, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է դատարանից, որ Քոչարյանն արդեն եկել է, քանի որ տարածքում են 2-րդ նախագահին ուղեկցող մեքենաները:
Քննիչն ու դատախազը միջնորդությունը դատարան էին ներկայացրել նախօրեին երեկոյան, սակայն, Ռոբերտ Քոչարյանի ներկա չլինելու հիմքով նիստը հետաձգվել էր մինչեւ այսօր ժամը 11:00-ն: Ըստ պաշտպանների՝ Ռոբերտ Քոչարյանը պատշաճ չէր ծանուցվել, այդ պատճառով նիստին չի ներկայացել: Պաշտպանների պնդմամբ, Քոչարյանը չի խուսափում եւ կներկայանա դատարան:
«Ուղղակի հարկավոր է պատշաճ կերպով ծանուցել: Նա չի ստացել ծանուցագիր»,- ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր պաշտպաններից Ռուբեն Սահակյանը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Հուլիսի 26-ին ՀՔԾ-ում հարցաքննվել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի կայազորի պետն էր: Ըստ որոշ տեղեկությունների՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ Արմեն Գեւորգյանը, որը 2008 թվականին զբաղեցնում էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:





























