Եթե 0038 հրամանը մինչև վերջ հրապարակվեր, էլ ավելորդ մեկնաբանությունների կարիք էլ չէր լինի: Այս մասին Yerevan Today-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Վատը նա է, որ այս հրամանը կտոր-կտոր հրապարակվում է, կտոր-կտոր ներկայացվում հանրությանը, և ստացվում են տպավորություններ, ընդամենը տպավորություններ: Իրականում, եթե դուք գիտեք այս հրամանի նախապատմությունը, եղել է այն, որ իրականում բանակի որոշ գործիչներ արդեն ներգրավված են եղել քաղաքականությանը, ինչը, ի դեպ, արգելված է եղել այն ժամանակվա օրենքով, արգելված է նաև հիմա: Գիտե՞ք, որ պաշտպանության երկու փոխնախարար իրենց զորակցությունն են հայտնել ցուցարարներին և այդ զորակցությունը եղել է քաղաքական քայլ: Եթե հիշում եք, այդ ժամանակվա զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը նույնպես միացել էր ցուցարարներին, կային նաև հայտարարություններ, որ որոշ ստորաբաժանումների հատվածներ նույնպես պատրաստ էին անցնել ցուցարարների կողմը: Այսինքն, ընտրությունների արդյունքնրի հետ չհամաձայնած կողմը կարծեք թե փորձում է բանակի որոշ հատվածներ նբերքաշել քաղաքականության մեջ, և նրանք ներքաշվում են արդեն աստիճանաբար: Այսինքն, եթե մենք խոսքում ենք այն բանի մասին, որ բանակը չպետք է ներքաշվի քաղաքականության մեջ և դա վտանգավոր և հանցավոր է, ապա մենք չպետք է մոռանանք այս խրոնոլոգիան: Կապել 0038 հրամանը մարտի 1-ի հետ… Մենք ասում ենք՝ մի կապեք: Լավ է, որ հիմա ՀՔԾ պետն էլ է այդ կարծիքին, որ չպետք է իրար հետ կապել»,- ասել է պաշտպանը:
Դիտարկմանը, թե 0038 հրամանում Հատուկ Քննչական ծառայության ղեկավարը շատ կարևոր փաստի վրա է կանգ առնում՝ ինչի համար էին ձևավորվել հատուկ խմբերը, եթե ոչ քաղաքական գործընթացներին ներգրավելու համար, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն է արձագանքել. «Նայեք, էստեղ շատ հստակ, իմ կարծիքով, այսպես մանիպուլյատիվ մոտեցում կա, այսինքն՝ մենք գործ ունենք մի հրամանի հետ, որը, իհարկե, ինձանից շատ ավելի լավ կմեկնաբանեն մասնագետ զինվորականները: Նրանք կասեն, թե, ընդհանրապես, ո՞ր դեպքերում է ռազմական գերատեսչությունում ստեղծվում, ասենք, օրինակ, նման խումբ: Ես երբևէ գաղտնի հրաման անձամբ տեսած չկամ պաշտպանության նախարարության, դրա համար ինձ էդ մասով դժվար է մեկնաբանել:
Բայց պատկերացնենք, որ, ինչպես պարոն Խաչատրյանն է ասում, թողնում ենք մեր երևակայությանը կամ եզրակացությանը: Շատ պարզ բան կա, չգիտեմ՝ ինչի համար են ստեղծվել, ես չեմ կարող ասել, բնականաբար, բայց հաջորդ հարցն է առաջանում. իսկ էդ խմբերն ինչ-որ բա՞ն են արել: Այսինքն՝ մենք տեղեկություններ ունենք, որ ինչ-որ մոբիլ խմբեր զինված գնացել և ինչ-որ բան են արել մոտակա օրերին, այդ օրը, չգիտեմ, դրանից մի քանի օր հետո, նույն մարտի մեկին. Չէ՞ որ հայտնի է, որ բանակի և ցուցարարների միջև բախումեր տեղի չեն ունեցել»:
Նշենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե եթե ստեղծվել են այդ խմբերը, ուրեմն գործել են:
«Մենք հստակ մանիպուլյացիայի հետ գործ ունենք, այսպես, գիտեք, որոշակի տրամաբանություն է այստեղ, փորձ է արվում տրամաբանություն դնել, որ եթե ստեղծվել է, ուրեմն կիրառվել է: Բայց այս տրամաբանությունը տեղին չէ բացարձակ, որովհետև այդ խմբերի կամ այլ զորամիավորումների օգտագործումը, որոնք, չգիտեմ, զինված կլինեին, կկրակեին, նման փաստեր հայտնի չեն»:
Պաշտպան Հայկ Ալումյանն էլ իր հերթին շեշտել է, որ ինքը չգիտի այնպիսի օրենք, որն արգելեր պաշտպանության նախարարին այսպիսի հրաման արձակել. «Ընդ որում պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ չկա մատնանշված այնպիսի օրենք, որն արգելեր պաշտպանության նախարարին այսպիսի հրաման արձակել: Այսինքն, եթե իրենք գտնում են, որ սա, այսպիսի հրամանի արձակումը խախտում է մի որևիցե օրենքի որևիցե դրույթ, էդ մասին պետք է առնվազն լիներ նշում մեղադրանքի որոշման մեջ: Չկա այդպիսի նշում: Հիմա դրա համար միգուցե պարոն Խաչատրյանը փորձում է թողնել հանդիսատեսի երևակայությանը, թե էլ ինչ կարող է սրա տակ հասկացվել, բայց եկեք երևակայությունների մեջ շատ չընկղմվենք, և միշտ էլ հիշենք, որ թիվ 0038 հրամանը մարտի մեկի հետ որևէ կապ չունի, ինչը, բարեբախտաբար, արդեն Հատուկ քննչական ծառայության պետը սկսեց ընդունել»:




























