Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կողմ է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ, ով քաղաքական դրդապատճառներով բանտարկյալների առկայությունը լուրջ բացթողում է համարում Հայաստանի համար:
«Բայց, այդուհանդերձ, իմ տեսակետն այսպիսին է, որ իրավապահ մարմիններն իրականացրել են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները: Ես, սակայն, գոհ չեմ, թե ինչպես են կատարել դրանք: Ես կասկածներ ունեմ համապատասխան իրավապահ մարմինների աշխատանքի որակի վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու առայսօր բացահայտված չեն 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները:
Հարությունյանն իր համերաշխությունն է հայտնել Եվրոպայի Խորհրդի հանձնակատարի կարծիքին Հայաստանի քաղբանտարկյալների վերաբերյալ, թե միջազգային իրավունքի նորմերով չկա «քաղբանտարկյալ» հասկացություն, սակայն կա նման քաղաքական ենթատեքստ. «Դա կարող է ապացուցվել դատարանում: Կարող են լինել կասկածներ, որ մեղադրանքների հիմքում ոչ այնքան ապացույցներն են, որքան քաղաքական ենթատեքստը, բայց ո՞վ պետք է ապացուցի: Ես կողմնակից եմ, որ այդ մարդիկ ազատության մեջ լինեն: Ես միշտ նրանց ազատման օգտին եմ արտահայտվում, բայց որպես իրավաբան հասկանում եմ, որ խնդիրներ կան»,- ասել է Հարությունյանը:





























