Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 30-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հանրային իրազեկմանը, նախընտրական քարոզարշավի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաև ներկայացրել են իրենց տեսակետները՝ տեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող մեխանիզմների վերաբերյալ:

Կողմերը հանդիպման ավարտին պատրաստակամություն են հայտնել նմանատիպ աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական: