Թուրքիայում սկսվել է ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի տեղակայման հարթակի կառուցումը, չնայած ԱՄՆ նախազգուշացմանը, որ Ս–400–ների ձեռքբերման դեպքում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն, հայտնում է CNBC–ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Աղբյուրի խոսքով՝ հատուկ ծառայությունների զեկույցի համաձայն, որը ներառել է արբանյակային լուսանկարներ, ընթանում է օբյեկտի շինարարությունը։

Միաժամանակ, Կոնգրեսը պատրաստ է արգելափակել երկու F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային։ Վերջինս պատրաստ է ձեռք բերել շուրջ հարյուր F-35 կործանիչներ, մոտ ժամանակներս պետք է կայանա դրանցից 2-ի փոխանցումը։

Հունիսին կայացել է երկու F-35–ի փոխանցման պաշտոնական արարողությունը Տեխաս նահանգի Ֆորթ Ուերթ քաղաքում։ Արարողությունից հետո կործանիչները ուղղեւորվել են Արիզոնայի ռազմաօդային ուժերի բազա, որտեղ թուրք օդաչուները սկսել են ուսումնառությունը։