Մենք փորձել ենք մեր նախընտրական ծրագիրը կառուցել կանաչ ու խելացի կառավարման մոդելով: Այս մասին ԲՀԿ-ի կազմակերպած «Կայուն եւ հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ-ի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
«Այսօր աշխարհը փնտրում է քաղաքը ճիշտ, առավել ճկուն կառավարելու մոդելներ: Մենք փորձել ենք նախընտրական մեր ծրագիրը կառուցել կանաչ ու խելացի կառավարման մոդելով: Անլուծելի հարցեր չեն լինում: Ցանկացած հարց լուծելի է, եթե քաղաքային իշխանության մտադրությունը լինելու է ոչ թե սեփական թիմի կամ սեփական նեղ շրջապատի բարեկեցությունը, այլ երեւանցու շահը: Ես ուզում եմ, որ վստահ լինեք՝ այս գործի մեջ ես դրել եմ իմ արժանապատվությունը: Դրանում մեկ րոպե անգամ կարող եք չկասկածեք»,- ասաց Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ Երեւանն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու եվրոպական մշակույթի եւ տուրիզմի կենտրոններից մեկը. «Դրա համար պետք է հոգատար քաղաքային իշխանություն եւ պրոֆեսիոնալ կադրեր: Ես չեմ վախենալու պատասխանատվությունից: Ինչ-որ բանից ես վախենո՞ւմ եմ: Այո, վախենում եմ: Ես վախենում եմ անել քայլ, որը կհիասթափեցնի քաղաքացուն: Ես երբեք չեմ լինելու կաբինետային քաղաքապետ, ինչպես այսօր կաբինետային պատգամավոր չեմ»:
Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրեց, որ իր ընտրվելու դեպքում լինելու է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ, պաշտոնը սեփական շահերին ծառայեցնողների հանդեպ, բոլոր պորտաբույծների հանդեպ, երեւանցուն անհարգալից վերաբերվող չինովնիկի հանդեպ, բոլոր նրանց հանդեպ, որոնք համառորեն չեն հասկանալու, որ իրենց գործը քաղաքացուն ծառայելն է:
Ըստ նրա՝ Երեւանը բոլոր սերունդների մայրաքաղաքն է, եւ բոլորը պետք է իրենց հարմարավետ զգան Երեւանում. «Երեւանը պետք է դառնա 21-րդ դարի մայրաքաղաք»:





























