Կառավարության դիմաց այսօր՝ սեպտեմբերի 13-ին բողոքի ցույց էր անցկացվում Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու դեմ։
Հավաքվածները հույս հայտնեցին, որ մեկ անձի կողմից որոշում կայացնելու պրակտիկան կընդհատվի, իսկ այդ որոշումն էլ նախ կդրվի հանրային քննարկման։
Տիգրան Խզմալյանը, մասնավորապես, նշեց․ «Հեղափոխությունը վտանգված է ռուսական ճնշման պատճառով։ Այս խնդիրը մեզ ներքաշում է շատ վտանգավոր զարգացումների մեջ։ Սա գաղութացման եզակի միջոց է Հայաստանը պղտորել այն արյունով, անմեղների արյունով, որը Պուտինն ու Ասադը տարիներ շարունակ թափում են Սիրիայում»։
Նա վստահություն հայտնեց, որ այնտեղ զորամիավորում ուղարկելու անհրաժեշտություն չկա, իսկ բժիշկներն, սակրավորները պետք է լուծեն նախ ՀՀ-ում ու Արցածում եզած խնդիրները․ «Վստահ ենք, որ մեր տղաները չպետք է լինեն այնտեղ։ Եթե մենք սակրավորների ավելցուկ ունենք, թող ականազերծեն Արցախը, որտեղ 25 տարի է՝ բրիտանական «HALO Trust» կամավոր կազմակերպությունն է աշխատում։ Եթե ավելորդ բժիշկներ ունենք, թող բուժեն թափոններից թունավորված երեխաներին Կապանում, Քաջարանում, Ալավերդիում, Ախթալայում։ Եթե ունենք ավելորդ փող, թող շինարարները ոչ թե Սիրիայի փլատակները կառուցեն, այլ Գյումրին եւ այլն»,-եզրափակեց նա։
Ավելի վաղ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հումանիտար առաքելության մասին՝ նշել էր․ «Զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ են՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, իրենց գործունեության ապահովման համար նաեւ անվտանգության ապահովման անձնակազմ է ներգրավված լինելու: Շուրջ 100 հոգի: Այդ հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է մեր ազգային շահերից»։




























